BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ես Բեթհովենը չեմ, Դուք էլ Նապոլեոնը չեք, բայց իմացեք, որ մենք խաբեցինք ժողովրդին»

«Ես Բեթհովենը չեմ, Դուք էլ Նապոլեոնը չեք, բայց իմացեք, որ մենք խաբեցինք ժողովրդին»
04.04.2014 | 12:08

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված 2015-ի համերգաշարն սկսելու է Նուբար Ասլանյանի «Սիփանա քաջեր» ստեղծագործությամբ: Մենակատարը լինելու է Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին փողհար Ռամի Օրենը:
Քաղաքականացնել չենք փորձում, բայց խորհրդանշական է, որ 2015-ի առաջին համերգի մենակատարը իսրայելցի է, հնչելու է Իսրայելում բնակվող կոմպոզիտորի ստեղծագործությունը, մի երկրի, որ հերքում է Հայոց ցեղասպանությունը:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, մեր այս դիտարկմանը չհամաձայնելով, ասաց, որ Նուբար Ասլանյանը հայ կոմպոզիտոր է, կարող էր բնակվել Երևանում կամ Հոլանդիայում, նշեց նաև, որ քաղաքականությունն իր համար քիչ բան է նշանակում, հրեա ժողովուրդը, հրեա երաժիշտները չեն հերքում ցեղասպանությունը, ընդհակառակը, նրանք հայերի կողմից են. «Ամեն տարի ապրիլի 24-ին «Ռեքվիեմ» ենք կատարում: Այս տարի ես երկրում չեմ լինելու, և Մոցարտի «Ռեքվիեմը» հնչելու է հրեա դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարութամբ»։
Իսկ այժմ մեր ընթերցողին ենք ներկայացնում «Իրատես de facto»-ի ծավալուն հարցազրույցն անվանի կոմպոզիտոր ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ:

«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՐԱԾՍ ԳՈՐԾԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ»


-Պարոն Ասլանյան, Հայֆայի քաղաքապետարանը Ձեզ՝ 70-ամյակի կապակցությամբ, պարգևատրել է հատուկ դիպլոմով և մեդալով՝ իսրայելական երաժշտության առաջընթացին նպաստելու համար: Ի՞նչ պարգևների է արժանացել կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը հայրենիքում, և ի՞նչ լումա ունի հայաստանյան երաժշտական արվեստում:
-Կոմպոզիտորների 12-րդ համագումարում (1984 թ.) ելույթ ունեցավ իմ ղեկավարած փողային մանկական նվագախումբը (ուսուցիչ՝ Հակոբ Չեպեյան), որը իր տեսակի մեջ միակն էր Հայաստանում: Բանն այն է, որ մենք մինչ այդ գրեթե չունեինք հայ կոմպոզիտորների մանկական ստեղծագործություններ՝ գրված փողային նվագախմբի համար, իսկ փողային նվագախմբերը շատ տարածված էին դպրոցներում, մշակույթի և պիոներ պալատներում: Ամռանը ճամբարներում (ես քառասուն տարվա ճամբարական եմ) նվագում էին հիմնականում ռուսական հրատարակված ծրագիր (Օստրովսկի, Շաինսկի, վալսեր) և մեկ-երկու հայկական քայլերգեր, նաև ինքնագործ երաժշտություն: Եվ միտք ծագեց՝ իսկ ինչո՞ւ, վերջապես, չստեղծել հայ կոմպոզիտորների մանկական երգերի նվագախմբային տարբերակներ: Մշակեցի տասը հայ կոմպոզիտորի 20 մանկական երգ՝ փողային նվագախմբի համար: Քանի որ ճամբարական էի, «նշանակետս» հենց ճամբարն էր: Էդվարդ Միրզոյանի առաջարկությամբ կոմպոզիտորների միությունում սրտացավ, մասնագիտական մոտեցումով տպագրվեցին և ճամբարների մաեստրոներին հանձնվեցին հայ կոմպոզիտորների մանկական երգերի նվագախմբային իմ մշակումները: Հաճելի էր լսել, ինչպես են Հանքավանի ձորում երեխաները երգում Էմմա Միհրանյանի «Թզուկի երգը» ու «Իմ աշխարհը», Ռոբերտ Պետրոսյանի «Դպրոցի վալսն» ու «Պատանի մարմնամարզիկների երգը», Գեղունի Չթչյանի «Պատանի գայականները», Արեգ Լուսինյանի «ՈՒրախ առավոտը», Գրիգոր Հախինյանի «Գարնանային քայլերգը», Էդգար Հովհաննիսյանի «Պատանի բնասերների երգը», Էդվարդ Միրզոյանի «Ֆեստիվալայինը», Էդվարդ Բաղդասարյանի «Միշտ առաջը», Մարտին Վարդազարյանի «Երգ մետրոյի մասին», իմ «Մեր կանաչ տուն», հետագայում՝ Մարտեն Յորգանցի «ճկույթիկ» երգերը: Իսկ ճամբարից հետո պիոներ-դպրոցականները, վերադառնալով տուն և հաճախելով դպրոց, տարածում էին իրենց սովորած երգերը: Մի խոսքով, ասես ամրապնդվում էր ստեղծագործ կապը հայ երեխաների և ստեղծագործողների միջև: Եթե հաշվի առնենք, որ ճամբարներ կային Ծաղկաձորում, Վանաձորում, միայն Հանքավանում 20 ճամբար կար, ուստի կարելի էր մտածել, որ մի բան արել ենք: Այդ ստեղծագործություններից 15-ը Լենինյան շրջանում (այսօր՝ Շենգավիթ) գործող մեր մանկական փողային նվագախմբի կատարմամբ ընդգրկվեցին Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանում: Ես չեմ սիրում արածս գործերը ներկայացնել, բայց այս մեկի մասին կարող էի ասել, որովհետև մանուկների համար էր:

«ՈՉ ԹԵ ԻՄ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԱՅԼ ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԴՐԱՆՈՎ, ԵՍ ԳՐՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ ԱՅԴ ԼԵԶՎՈՎ»


-Ձեր ստեղծագործությունները հնչել են ԱՄՆ-ում, Կանադայում, Հունաստանում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Իսրայելում, Հայաստանում և այլուր: Հայրենիքո՞ւմ, թե՞ դրսում է Ձեր երաժշտությունն ավելի մեծ արձագանք գտնում:
-Հայաստանում 1993-ին տեղի ունեցավ 50-ամյակիս նվիրված համերգ, որից հետո առայսօր գործերս կատարվել են վեց անգամ: Եթե Հայաստանում իմ երաժշտությունը հնչում էր միջոցառումից միջոցառում, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ապա այստեղ իրենք` երաժիշտներն են ներկայացնում: Հիսունից ավելի պարտիտուրներ են տպագրվել: Իսկ իսրայելցի ունկնդրի և երաժիշտների միջև կապի պատճառը 1996-ին Հայֆայում իմ Երրորդ լարային քառյակի առաջին կատարումն էր, որը, թույլ տվեք ասել, շատ լավ ընդունվեց: Գիտե՞ք, երբ մուտքը հաջող է լինում, սկսում են քեզնով հետաքրքրվել: Ներկայումս Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի շուրջ 20 երաժիշտների հետ եմ համագործակցում:
-Ձեր գործերում հայկականություն կա, դա գրավո՞ւմ է դրսի երաժշտասերներին:
-Ոչ թե իմ գործերում հայկականություն կա, այլ ես ապրում եմ դրանով, ես գրում եմ միայն այդ լեզվով: Հետաքրքիր մի բան ասեմ. Երուսաղեմում տարին մեկ կայանում է իսրայելական երաժշտական փառատոն, 2003-ին կատարվեց նաև իմ «Սարերում» սյուիտը՝ դաշնամուրի և փայտյա փողային քառյակի համար: Համերգից հետո ինձ ճեմասրահում շրջապատեցին, ասում էին` «սա մերն է, սա մերն է»: Բացատրեմ՝ քանի որ նմանություն կա հայկական և հրեական լադերում, էլ չեմ ասում՝ կան ընդհանուր դարձվածներ, ուստի ունկնդիրը դա ընկալել էր որպես հրեական երաժշտություն: Ես գրում եմ այն լեզվով, ինչ լսել եմ դեռ մանկուց: Հինգ-վեց տարեկան էի, հայրս որտեղից որտեղ ռադիո էր ճարել, որն առավոտից երեկո միացված էր: Հնչում էին Կոմիտասի, Աշոտ Սաթյանի, Թաթուլ Ալթունյանի մշակումները, գուսանական, աշուղական երաժշտություն: Ես, իհարկե, այդ ժամանակ չգիտեի, ով է Կոմիտասը կամ Սաթյանը, բայց երբ սկսեցի զբաղվել երաժշտությամբ, այդ ամենն արդեն իր կնիքը թողել էր: Իմ ականջները լցված էին հայ երաժշտությամբ:
-Օտար երաժիշտներն էլ, հավանաբար, իրենց հետքը թողել են:
-Մի անգամ ուսանողական ընկերներիցս մեկն ասաց, որ խառնվածքով շատ նման եմ Շոստակովիչին, խորհուրդ տվեց լսել նրա 5-րդ սիմֆոնիան ու տվեց ձայնապնակը: Իսկ ես չգիտեի՝ ով է Շոստակովիչը (նախնական երաժշտական կրթություն չեմ ստացել)։ Երբ լսեցի, հասկացա, որ առանց Շոստակովիչի չեմ կարող ապրել:
-Նույնիսկ օտար ափերում բնակվե՞լը չի փոխել Ձեր ձեռագիրը, տարբերություն չկա՞՝ այստե՞ղ կստեղծագործեիք, թե՞ հայրենիքում:
-Հակառակը, ինձ մեծ սիրով լսում են (Դուք ինձ ստիպում եք անհամեստ բաներ ասել) և մեծ սիրով կատարում: Միայն խոստովանեմ՝ այստեղի գրածս մի քիչ տխուր է ստացվում:
-Հայտնի ֆիլմում ասվում է, որ երաժիշտը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Դուք, սակայն, ակտիվորեն արձագանքում եք գրեթե բոլոր հասարակական-քաղաքական իրադարձություններին, ունեք Ձեր հստակ դիրքորոշումը:
-Այնպես ստացվեց, որ 90-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը` Աշոտ Սարգսյանը (շատ առաքինի մի անձնավորություն), ասաց` դու անպայման պիտի պատգամավոր լինես: Դե, այն ժամանակ բոլորս էինք շարժման մեջ: Ընտրությունների ժամանակ Շենգավիթի շրջանում 4 թեկնածու կար, ես ավելի շատ ձայն հավաքեցի, քան երեքը միասին: Դարձա պատգամավոր և սկսեցի գործունեությունս՝ համաձայն իմ խառնվածքի, ընկալումների: Հետո տեսա, որ այն ճանապարհով չենք գնում: 92-ին ՀՀՇ-ի ակտիվի հերթական նիստն էր, ձայն խնդրեցի և պատմեցի, ինչպես է Բեթհովենն իր 3-րդ սիմֆոնիան նվիրել Նապոլեոնին` հիացած նրա գործունեությամբ: Շապիկի առաջին էջին գրել է` Նապոլեոն Բոնապարտին: Բայց երբ Նապոլեոնն իրեն հռչակել է կայսր, Բեթհովենը հիասթափվել է և սիմֆոնիան վերանվանել «Հերոսական»: Ապա ասացի. «Ես Բեթհովենը չեմ, դուք էլ Նապոլեոնը չեք, բայց իմացեք, որ մենք խաբեցինք ժողովրդին»: Խոսքը Ղարաբաղի պայքարի մասին չէ, այլ ներսի կարգուկանոնի, որն ինձ հիասթափեցրեց: Ինձ արդեն շատ բան հայտնի էր, գիտեի, ով է ղեկավարում Հայաստանը, այս աշխարհը: Այսօր էլ անտարբեր չեմ կարող մնալ, օրս սկսվում է հայկական մամուլ կարդալով (հիմնականում՝ բավական անհետաքրքիր): Գիտեմ` ով ումից է սնվում, ով ում պատվերն է կատարում: Ես շատ եմ ցավում Հայաստանի համար: Մեկ-մեկ ցավեցնելու համար ինձ ասում են` գնացել ես հեռու, այնտեղից խոսում ես և այլն: Ես միշտ էլ պատասխանում եմ` կարևոր չէ, որտեղ ես ապրում, կարևոր է, թե ինչով ես զբաղվում, ինչ ես անում քո «տան» համար: Համաձայնեք, որ կարելի է ապրել Հայաստանում` ոչ մի լավ բան չանելով երկրիդ համար: Թող ասեն, մոդա է գնացողների հետևից խոսելը:
(շարունակելի)


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ